Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են, և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ:
Դավիթ Բաբայանն ընդգծեց հայկական հզոր բանակ ունենալու կարևորությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ունենալ խաղաղություն և կայունություն: «Հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա ոչ միայն ցույց է տալիս մեր ուժը, որ մենք կարողանում ենք այն կասեցնել, թշնամուն կորուստներ պատճառել, պաշտպանել մեր անկախությունը, այլ նաև վեր են հանում տարբեր խնդիրներ, որոնք կան՝ թերացումներ, բացթողումներ: Այս երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել սահմանագիծը ուժեղացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժամանակակից զինտեխնիկայով համալրելու ուղղությամբ, սակայն այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Ամեն ինչ արվելու է այսուհետ ևս, որպեսզի մեր զինված ուժերը լինեն միշտ ավելի ուժեղ, քան Ադրբեջանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծում է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականություն վարող հարևան ունենալու դեպքում հզոր բանակ ունենալն անհրաժեշտություն է, քանի որ միայն այդպես կարելի է ագրեսորին խաղաղություն պարտադրել: «Մենք պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր, որոնք ոչ միայն ընդունակ են կասեցնել ցանկացած հարձակում, այլ նաև հարկ եղած դեպքում պարզապես ռազմական գործողություները տեղափոխել ագրեսորի պետության խորքեր և պարտադրել նրան խաղաղություն: Այն խաղաղությունը, որը գոյություն ունի, դա ինչ-որ տեղ պարտադրանքի արդյունք է, որովհետև Ադրբեջանի նման ագրեսոր պետությունը ուրիշ լեզու չի հասկանում: Միջազգային հանրությունն էլ պետք է այս ամենը հաշվի առնի և այնպես անի, որ դա լինի ոչ թե պարտադրանքի արդյունք, այլ նրանք իսկապես ընդունեն խաղաղությունը՝ որպես կարևոր արժեք, որովհետև մի երկիր, որն էությամբ ահաբեկչական է, և այդ ահաբեկչական քաղաքականությունը իշխանությունները վարում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ, բնական է, որ նրանք խաղաղությունը որպես գերագույն արժեք չեն համարում»,- մանրամասնեց Բաբայանը:
Դավիթ Բաբայանը չափազանց կարևոր է համարում Հայաստան-Արցախ-սփյուռք սերտ համագործակցությունն ու այդ եռամիասնության ամրապնդումը: Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, սակայն, եթե լինի ագրեսիա, մինչև միջազգային հանրությունը ռեակցիա տա, կարող է ուշ լինել, եթե մենք ուժեղ չլինենք: Այս առումով շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը և սահմանների ամրացումը: Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ այս գործընթացը ընթանում է, նոր որակ է ստացել ապրիլյան պատերազմից հետո և նույն բարձր տեմպերով էլ շարունակվելու է այսուհետ ևս:
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները: