Թուրքիան Սիրիայում ընթացող գործընթացներում այս կամ այն չափով կախված է Ռուսաստանից: Եվ դա կարող է հանգեցնել նրան, որ չաջակցի Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Թուրքերը Սիրիայում ընթացող գործընթացներում ինչ-որ չափով կախված են ռուսական գործոնից: Ամենից քիչ պատերազմ այսօր պետք է Ռուսաստանին: Երրորդ ճակատում պատերազմը Ռուսաստանին ձեռնտու չէ: Դա նկատում ենք նաև Լավրովի հայտարարություններում: Հույս ունեմ, որ կխուսափենք խոշոր պատերազմական գործողություններից Ադրբեջանի հետ»,-ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նկատեց, որ ռուս պաշտոնյաներն էլ այս շրջանում ավելի հաճախ են այցելում Հայաստան, քան նախկինում:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ներկայիս քաղաքականությունն ուղղված է նրան, որ հոգեբանական և տեղեկատվական ազդեցություն ունենա Հայաստանի վրա: Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը սահմանին տիրող իրավիճակի վրա՝ Հարությունյանը նշեց՝ դա և Նախիջևանի կողմից վերջերս արձակված կրակոցները ևս Ալիևի հոգեբանական ազդեցություն ունենալու գործընթացի շարունակությունն են: Նա դրանք որակեց պարզապես սպառնալիք: