Հայաստանում արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ հաստատվել է քրեաօլիգարխիա կոչվող քաղաքական համակարգը: Դա բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի երկրի կառավարման լծակները յուրացրած քրեաօլիգարխիան մտածի նաեւ իր ապագայի, իսկ շահագործվող, ունեզրկվող խավերը` նրանից ձերբազատվելու մասին: Ստեղծված իրավիճակում բնականորեն յուրաքանչյուրն իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու մղմամբ է առաջնորդվում: Երևանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, գործի է դրել իր «բանակը»՝ հօգուտ Սերժ Սարգսյանի իշխանության։ Մհեր Սեդրակյանից հետ չի մնացել նաև Սամվել Ալեքսանյանի «զորքը» երեկ ողջ օրը համացանցում տարածվում էին Մալաթիա վարչական շրջանում անհայտ անձանց կողմից ցուցարարների վրա հարձակման, ահաբեկելու տեսանյութերը: Ի դեպ Ալեքսանյանը իրեն պատկանող առևտրի կենտրոններում կրկնապատկել է անվտանգության աշխատակիցների թիվը: «Խառն» է նաև Ռուբեն Հայրապետյանը՝ վերջինս ավելի հեռուն է գնացել և ապահովել է անգամ իր անձնական ֆիզիկական անվտանգությունը՝ Հայրապետյանի շքեղ դղյակի մոտ արդեն երկու օր է զինված պահակազոր է կանգնած:
 
Հիշեցնենք` մեր  «ֆեոդալների»  զորքերը այն քաղաքացիական ջոկատներն են, որոնք Մարտի 1-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերին ցուցարարներին ծեծողների մեջ էին եւ առհասարակ միշտ իշխանության պաշտպանության դիրքերում են՝ ոստիկանական ուժերի կողքին։ Սրանք այն ընտրակեղծարարների ջոկատներն են, որոնք տասնյակ տարիներ ծառայել են գործող իշխանություններին։ Տարիներ ի վեր իշխանության ուժային հենարանը բանակը կամ ոստիկանությունը չէր, այլ քրեաօլիգարխիայի բանդաները: Մարտի 1-ին դրանց առաջին գիծ մղելուց հետո, թե ներքին, թե արտաքին մի շարք իրողություններով պայմանավորված, Սերժ Սարգսյանը կանգնեց համակարգում ստատուս-քվոն որոշակի փոփոխության ենթարկելու անհրաժեշտության առաջ: Դրան մղող գործոններից էր նաեւ անձնական իշխանության հաստատումը, քանի որ Քոչարյանից ժառանգած իշխանությունը պահելու դեպքում Սերժ Սարգսյանը կամա թե ակամա միշտ էլ մնալու էր տեղապահ: Այդ գործոնները հաշվի առնելով, համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն առնվազն առերեւույթ մի քանի գործոնների միջոցով փոխելու խնդիրը Սերժ Սարգսյանի համար դարձավ ռազմավարական հարց:Կարելի է ասել, որ այդ հարցի լուծման մեջ նա հաջողեց: Այդ պահին էլ անկասկած իր շահը վտանգված է տեսել քրեաօլիգարխիկ համակարգի մի զգալի մասը: Բանն այն է, որ լինելով համակարգի ուժային բնույթի հիմքը, այդ սեգմենտը նաեւ ուներ քաղաքական մեծ իշխանություն: Դադարելով լինել այդ հիմքը, քրեաօլիգարխիկ սեգմենտը ժամանակի ընթացքում կորցրեց իր քաղաքական իշխանությունը եւ այժմ ստիպված է կամ ենթարկվել Սերժ Սարգսյանին եւ խաղալ նրա կանոններով, կամ պարզապես կորցնել ամեն ինչ: Ինչպես երևում է երկրորդ սցենարից խուսափելու համար օլիգարխիան այսօր ընտրել է առաջին ճանապարհը և անում է ամեն ինչ ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար: Մյուս կողմից այսպես նրանք փորձում են ցույց տալ, որ դեռ ունակ են ուժի դիրքերից ռեժիմի համար ինչ-ինչ հարցեր լուծել:
 
Իհարկե նրանց կարելի է հասկանալ, քանի որ իշխանական բուրգի տապալման դեպքում հենց քրեաօլիգարխիան է մնալու փլատակների տակ: Ինչ-որ տեղ հենց այս սեգմենտն է Սերժ Սարգսյանին դարձրել անփոխարինելի: Անփոխարինելի ՝ իր համար, քանի որ քաղաքական, տնտեսական, ֆիզիկական անվտանգության երաշխիքների փաթեթը նրանք ստացել են ոչ թե ՀՀԿ-ից, քաղաքական ուժից, այլ Սերժ Սարգսյան անձից: Եվ հասկանալի է,որ սոցիալական բունտի հաղթանակի պարագայում գլխավոր տուժող կողմը լինելու է հենց քրեաօլիգարխիկ սեգմենտը, որը կզրկվի բոլոր տնտեսական-քաղաքական երաշխիքներից, այսինքն՝ կկորցնի ամեն ինչ: Արդեն իսկ դրա վտանգը լուրջ է հաշվի առնելով նաեւ ներիշխանական բաժանարար գծերի եւ ոչ միատարության հանգամանքը: Երբ հանրապետական օրենսգիրները մեկ մարդու հագով սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, իսկ քրեաօլիգարխիան խորհրդարանում և դրա պատերից դուրս հավանության էի արժանացնում այն՝ նրանց մտքով չէր անցնում, որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։ Եթե անգամ Թոխմախի Մհերը , ով այսպես կոչված շնորհազրկված , իշխանությունից հեռացված օլիգարխի կարգավիճակում է՝ նման անհանգիստ ջղաձգումների մեջ է, ուրեմն ավելորդ է խոսել այն ֆինանսատնտեսական խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր մինչ օրս իշխանության մաս են կազմում և Սերժ Սարգսյանի հետ նույն նավում են գտնվում: Ի դեպ չի բացառվում, վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ ինչ-որ կրիտիկական պահի Սերժ Սարգսյանը կլքի խորտակվող նավը՝ զոհաբերելով նաև իրենց: Ի՞նչ է այդ դեպքում պատրաստվում անել բախտի քմահաճույքին մատնված քրեաօլիգարխիան: Կգնա՞ն մինչև վերջ նավավարի հետևից ՝ խորտակվելու վտանգը աչքների առջև, թ՞ե իրենց «զորքերով» հանդերձ կլքեն նավը՝ սեփական կաշին փրկելու նպատակով…
 
 
Ստելլա Խաչատրյան