ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը: News.am-ի հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա սպառնալիք էր, վարչապետի մամուլի քարտուղարը նշել է.
«Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը: Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը: Անտեղի են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները»: