ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Քրեական գործով Ն.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նվեր Հովհաննիսյանն Էջմիածնի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: