Հայաստանում ծավալված ներքաղաքական զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ․
 
-Ի՞նչ կատարվեց Հայաստանում վերջին13 օրերին, գնահատեք Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու օրվանից՝ ապրիլի 17-ից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
 
-1996թ. սկսած ժողովուրդը փողոցից տուն չի գնում արդար պետության պահանջով։ Այսինքն, ի՞նչ է՝ հայ ժողովուրդը ծնվել է տառապելու համա՞ր։ Պարզ է, որ այս տարիներին կուտակված ցասումը, իշխանությունների վարած գործունեությունը՝ կողոպուտ, ընտրությունների զեղծարարություն, անիրավված ժողովրդին կանգնեցրեց պետություն ունենալու ճանապարհին։ ՀՀ-ում հայ հասարակությունը իրականացրեց աշխարհի առաջավոր ժողովուրդների և երկրների պատմության մեջ չեղած թավշյա հեղափոխություն քաղաքակրթական և մշակութային ամենաբարձր նիշով։
 
-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունն արդյո՞ք ունի շանս վերջակետին հասնելու՝ առանց ՀՀԿ-ի իշխանություն ձևավորելու, թե՞ այն կդառնա ընդամենը Սերժ Սարգսյանից և ոչ համակարգից ազատվելու մի քայլ։
 
-ՀՀ-ում հաստատվել է հեղափոխական իրավիճակ և տրամադրություն, և սա այլևս իրողություն է։ Այս հեղափոխությունն այլևս անդարձ է։ Սա պարզապես անձի դեմ հեղափոխություն չէր։ Սա պետության կազմակերպման ձևի դեմ պայքար է. օլիգարխիկ, կոռումպացված, կեղծված ընտրություններով, արտագաղթով և այլն։ Սա արդար և արդիականացող Հայաստանի համար պայքար է։
 
-Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ ակտիվ սկսել է զբաղվել քաղաքականությամբ․ գնահատե՛ք նրա շանսերը իշխանությունը պահելու հարցում՝ հաշվի առնելով, որ այս հարցում ունի աջակիցներ՝ հանձին ռուսաստանաբնակ գործարար Կարեն Կարապետյանի։
 
-Հեղափոխության առաջնորդը պիտի դառնա վարչապետ, դուք տեսե՞լ եք հեղափոխությունը հաղթի մեկը, բայց վարչապետ դառնա մեկ ուրիշը։ Իսկ իշխանության այս պահի պաշտոնակատարները պետք է իշխանությունը անցնցում հանձնեն, հակառակ պարագայում՝ դա կդիտվի որպես իշխանության բռնազավթում։
 
-Արդյո՞ք իշխանությունը կսադրի սահմանային լարվածություն՝ շարժումը ճնշելու համար։
 
-Ո՛չ, չի կարող։ Նախ՝ շարժումը ճնշել այլևս ոչ ոք չի կարող, իսկ սահմանները պետք է վերահսկի բանակը, ինչը նրանք շատ լավ գիտակցում են։
 
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի