«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր երեկվա հեռուստահարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է' իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է եւ ոչ: Կարող է' նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է եւ պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի:

Եկեք ԱԺ ձեր ծրագրով, եւ եթե ունեք այդ քվեն, ստացեք այն եւ դարձեք վարչապետ»: Կարապետյանի խոսքերն իսկապես զավեշտի ժանրից են: Այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ շռնդալից զարգացման խոստումնալից ծրագրեր են ներկայացրել: Բայց դրանք երբեւէ իրականություն չեն դարձել: Նույն Կ. Կարապետյանի կառավարությունը խոստացել էր բարելավել ժողովրդագրական վիճակը, բարձրացնել ծնելիությունը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ժողովրդագրական վիճակի մասին առաջին եռամսյակի տվյալները: Պատկերն իսկապես ողբերգական է: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմել է 2 մլն 969.9 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 հազար 600-ով պակաս: Ծնելիության ցուցանիշը եւս նվազել է, ընդ որում՝ վերջին տարիների ընթացքում ամենացածրը. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8 հազար 225 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 536 էր: Ասել է, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը մնացել են թղթի վրա, չիրագործված: Եւ հիմա այս ձախողումից հետո խոսել ծրագրերի մասին, ոչ այլ ինչ է, քան սոփեստություն:

Մեկ փաստ էլ. Կարապետյանն արդեն երկրորդ անգամն է խուսափում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, թեեւ ՀՀԿ-ն հենց նրան է լիազորել այս հարցում: Հավանաբար վախենում է, այլապես ուղիղ եթերում բանակցությունները շոուների սիրահար Կարապետյանը չէր մերժի:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: