ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:

Ինչպես  հայտնեցին ՀՔԾ-ից, հիշյալ քաղաքացիները հաղորդումներ ու բացատրություններ են տվել, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կազմակերպված հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ:

 

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը փաստական հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` միացվել են վերը հիշատակված պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և  309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:

Համաձայն հիշյալ քրեական գործի նյութերի` տվյալներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից, Արցախի, Էրեբունու, Աբովյան և այլ փողոցներից ու վայրերից քաղաքացիներին հեռացնելիս  և բերման ենթարկելիս բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ, կիրառել են հատուկ միջոցներ, սահմանված կարգի խատմամբ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում` լրագրողների ու փաստաբանների:

Ի դեպ, վերը նշված քրեական գործին միացվել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՀ հատուկ  քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում արդեն տուժող են ճանաչվել փաստաբան Ավագ Լալայանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Նաիրա Բուլղադարյանն ու Անատոլի Եղիազարյանը, ինչպես նաև 7 քաղաքացիներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: