Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն ու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումը, որ տեղի է ունեցել երեկ, կարծես թե պատված է որոշակի խորհրդավորության շղարշով: Հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ բավական սուղ է, իսկ Սարգսյանն ու Պուտինը բավարարվել են միայն արարողակարգային հայտարարություններով: Մի կողմից վատ նորությունների բացակայությունն ինքնին արդեն լավ նորություն է, մյուս կողմից, սակայն, խորհրդավորությունը դիվանագիտության մեջ հաճախ ծածկում է ոչ միայն դատարկությունը, այլ նաև ոչ պոպուլյար զարգացումները, մինչև որ կգտնվեն դրանք հասարակությանը մատուցելու ձևեր: Թե որ դեպքի հետ գործ ունենք այս պարագայում, կերևա ժամանակի ընթացքում:

Համենայնդեպս, մոսկովյան այցը կարծես թե առայժմ անցնում է շատ ավելի սովորականության հունով, քան այն սպասումները, որ կային փորձագետների մոտ այդ այցելության ընթացքում քննարկվելիք առանցքային հարցերի հետ կապված: Խոսքը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը և Եվրասիական միության գաղափարի հանդեպ որոշակի համաձայնություններին: Ամենայն հավանականությամբ, այս հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներում էական փոփոխություններ չեն եղել, և Սերժ Սարգսյանին հաջողվել է այս անգամ էլ առնվազն ժամանակ շահել: Սակայն այս ամենի մասին ներկայումս հնարավոր է միայն ենթադրություններ անել, քանի դեռ կոնկրետ հարցերին չեն հնչել կոնկրետ պաշտոնական պատասխաններ:

Իսկ մինչ այդ, մոսկովյան հանդիպման ամենանշանակալի և հետաքրքրական դրվագը Սերժ Սարգսյանին Պուտինի ուղղած շնորհավորանքի խոսքի մեջ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արտահայտությունն էր՝ «ավելի քան 60 տոկոս»: Պուտինն այդքան է չափել Սերժ Սարգսյանի արդյունքները' այն դեպքում, երբ պաշտոնապես խոսքը 58 տոկոսի մասին է, որը կարող է մոտ 60 լինել, սակայն ոչ մի կերպ ավելի քան 60: Սա Պուտինի մոտ լեզվի սայթաքում է գուցե, իսկ միգուցե Պուտինին Հայաստանի նախագահի ընտրություններից առաջ զեկուցել են Սերժ Սարգսյանի այդ թիրախը, որը նա պատրաստվում էր խփել, սակայն հետո ընթացքում 58-ից ավելի չի ստացվել, ու չի ստացվել նաև Պուտինին նախազգուշացնել:

Գուցե նաև հնարավոր է, որ Պուտինն այդ ձևակերպմամբ ընդամենը ուզում էր ցույց տալ, որ Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքները նրան չեն էլ հետաքրքրել, և նա բավական անտարբեր է դրանց հանդեպ ու նույնիսկ հարկ չի էլ համարել մանրամասն ճշտումներ անել թվերի հետ կապված: Իհարկե, սա կարող է չարյաց փոքրագույնը լինել այն ամենի համեմատ, ինչ քաղաքական իմաստով սպասվում էր Մոսկվայում Հայաստանին, եթե ամեն ինչ ավարտվի ավելի քան 60-ով: