Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու:«Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան, որ ցանկացած հանդիպման ժամանակ ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ երկրի վարչապետը, որի հետ ես ունեմ խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, հաջողի: Եթե իմ երկրի վարչապետը հաջողի, կհաջողեն նաև Արցախն ու Հայաստանը»,- նշեց Շարմազանովը:

 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նախ ընդգծեց, որ արդեն հակադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն արցախյան հակամարտության կողմ է: «Ես ասել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցությունների կողմ է ու Արցախի անվտանգության միջազգային երաշխավորը: Փաշինյանին շատ լավ ճանաչում եմ, 6 տարի միասին աշխատել ենք, և ես կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի: Միգուցե դա քաղաքական անզգուշություն էր, միգուցե՝ էմոցիոնալ հայտարարություն, կամ այլ բան էր ուզում ասել, այլ բան է ստացվել, բայց դա հայտարարություն չէր, որը բխում է մեր բանակցային շահերից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև իրենք էլ դրա մասին շատ են խոսել: