Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խաղի կանոն է փոխում գրեթե բոլոր ոլորտներում:

Նրա ելույթների տրամաբանությունը կարող ենք բաժանել երկու մասի՝ հեղափոխությունից առաջ և հետո, ինչն, իհարկե, մի փոքր բնական է, բայց և նաև խիստ մտահոգիչ: Քիչ-քիչ մարում է նաև նրա խոսքի հանդեպ կույր հավատը և վստահությունը, դրա մասին փաստում են չդադարող բազմաթիվ բողոքի ակցիաները, որոնք ինչքան էլ ինքը խնդրում, հորդորում, պահանջում է՝ կանգ չեն առնում:

 

Օրերս փակ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և որոշ գործարարների հետ, ինչպիսիք օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն է, Արման Սահակյանը՝ «Նեմիրոֆի Արմանը», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը և այլք:

Այս գործարարները երկար տարիներ աշխատել են այն ժամանակվա Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեն նրա հետ ինչպես բիզնես շահեր, այնպես էլ ընկերական հարաբերություններ: Օրինակ, շատ է խոսվում այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանին և Սերժ Սարգսյանին է պատկանում «Արարատ» բանկը, «Ֆլեշ» ընկերությունը և այլ բազմաթիվ ընկերություններ, բացի այդ, ունեն խիստ մտերիմ հարաբերություններ: 

Խոսվում է նաև այն մասին, որ այդ հանդիպումից հետո խոշոր գործարարները բարձր տրամադրություն են ունեցել և հույս են ստացել, որ իրենց բիզնեսին դիպչող չի լինի: Իհարկե, շատ կարևոր միայն մի բան է փոխվել՝ տեղափոխվում են հարկային դաշտ և վերջ տալիս բարեգործության մեթոդով հարկերից խուսափելուն: 

Հետաքրքրական է, սակայն, ուղիղ եթերների մեծ սիրահար վարչապետի քաղաքականության այս փոփոխությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ թվացյալ բաց քաղաքականություն վարող վարչապետը սկսում է Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարների հետ փակ հանդիպումների գնալ և հույսեր տալ: Իսկ մեզ թվում էր, այդ գործարարներին պետք է պատասխանատվության կանչել մինչ այս խուսափած հարկերի համար, կամ առնվազն նրանց խոշոր բիզնեսներում տեսչական ստուգումներ սկսել: Հակառակ դեպքում՝ կարելի է արձանագրել, որ ռեալ փոփոխություններ չկան և սա ոչ թե հեղափոխություն էր, այլ «վարչապետափոխություն»: