Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարները շնորհավորեցին միմյանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ նշանակվելու և վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվեց մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։

Նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունեց մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։