ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը բավական հագեցած է, առկա են կարևոր շեշտադրումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ վարչապետը Վրաստան է մեկնել մեծ պատվիրակությամբ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այցը լինելու է բազմաբովանդակ ու արդյունավետ:

«Այս այցը նախ ճանաչողական բնույթ է կրում, սակայն ծանոթությունից բացի նախատեսված մի շարք հանդիպումների շրջանակում կբարձրացվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս այցից հետո կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց հայ-վրացական հարաբերություններում կտեսնենք զարգացման նոր փուլ»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջավախք կատարելիք այցին, նա նկատեց, որ վերջին 15 տարվա ընթացքում Ջավախք էին այցելել միայն Սերժ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, ապա նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Այցը Ջավախք շատ կարևոր է: Նախ այն համաձայնեցված է Թբիլիսիի հետ, ինչը երկկողմանի ուղերձ է՝ ինչպես դրսի որոշ ուժերին, այնպես էլ ներսի որոշ քաղաքական շրջանակներին: Ուղերձը հետևյալն է. Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում ոչ թե անջատող, այլ միացնող շրջան է: Այն կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նշեց, որ ՀՀ վարչապետի այցը նաև տեղի հայ համայնքին ուղղված ուշադրության յուրօրինակ դրսևորում է. Փաշինյանը տեղում կծանոթանա համայնքին, բնակիչներին մտահոգող հարցերին:

«Ինչպես գիտեք, վերջերս Ջավախքում ակտիվացել են բողոքի ակցիաները Թուրքիայի որոշ քաղաքացիների ապօրինի գործողությունների դեմ: Ջավախքի բնակիչները, ոչ միայն հայերը, բողոքում էին, որ որոշ անձինք գալիս, իրենց գույքը գողանում են և տեղափոխում Թուրքիայի տարածք: Սահմանապահներն էլ լիարժեք չեն կատարում իրենց աշխատանքը: Այցի շրջանակում այս և այլ հարցեր ևս կարող են ուղղվել ՀՀ վարչապետին: Նիկոլ Փաշինյանը դրանք կարող է քննարկել Վրաստանի ղեկավարության հետ, աջակից լինել, որ կարգավորվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նկատեց, որ Ջավախք Նիկոլ Փաշինյանի այցը նաև նախընտրական տարր է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ Ջավախքում ապրում են Հայաստանի շատ քաղաքացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման  արարողությանը և կազմակերպված ընդունելությանը: