Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: 

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը նշեց, որ առաջին պաշտոնական այցը, որպես վարչապետ, կատարեց Վրաստան, քանի որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում կան երկարաժամկետ և կարճաժամկետ շատ կարևոր հարցեր։ 

 

«Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և ակտիվորեն կաշխատենք դրանք ժամանակին և բարձր որակով ապահովելու համար»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ հայ-վրացական հարաբերություննում չլուծվող խնդիրներ չկան, քանի որ ամենակարևորը դրանք լուծելու պատրաստակամությունն է։ 

«Մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք և էներգիա հաղորդել, հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ եկել են Վրաստան՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ 

ՀՀ վարչապետը Վրաստանում հավաստիացրեց, որ տպավորված է այն հետաքրքրվածությամբ, որ Վրաստանի իշխանությունը ցուցաբերել է Թավշյա հեղափոխության նկատմամբ։