2017 թվականի օգիստոսի 24-ին Կարեն Կարապետյանի կառավարությունն իր նիստում որոշում էր կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հինգ տարով հավատարմագրային կառավարման հանձնելու «Տաշիր կապիտալ» ընկերությանը: «Տաշիր կապիտալ» ընկերությունը պատկանում է ռուսաստանահայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին: Ինչպես գիտենք, ԲԷՑ-ն է սպասարկում Ղարաբաղ-Հայաստան, Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան Էներգետիկ կապը: Եվ երբ այս ընկերությունն անցներ «Տաշիր կապիտալ»-ի համակարգման ներքո` Կարապետյանին պատկանող ընկերությունն էր համակարգելու նաև Հայաստանում էներգիա ներկրելու և արտահանելու գործառույթները: Ինչպես հայտնի է, կառուցվում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային հաղորդման գիծը, որը նույնպես ԲԷՑ-ի համակարգում է լինելու: Ավելին, մինչև 2019թ. պետք է պատրաստ լինի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը, որը նույնպես այդ համակարգում կլինի: Եվ այդպես, էլեկտրաէներգիա արտադրող մի քանի օբյեկտներից բացի, ՀՀ ամբողջ էներգետիկ համակարգը կանցներ Կարապետյանին պատկանող ընկերությունների համակարգման ներքո:Իսկ փորձագետները չեն բացառում, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» հավատարմագրման կառավարման վերցնելուց որոշ ժամանակ անց Կարապետյանը դա էլ կգներ, և մեր էներգետիկ ոլորտում մեծ մենաշնորհ կստեղծվեր:
 
Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը, սակայն, հնարավորություն է ընձեռել վերանայել նաև այս ոլորտում առկա մենաշնորհները: Այսպես, էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը հաստատել է, որ «Տաշիր գրուպի»  հետ պայմանագիրը դադարեցվել է և ԲԷՑ-ը մնալու է որպես պետական հիմնարկություն: Նախարարը այս որոշումը հիմնավորել է նրանով, որ այմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը: Փաստացի, սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին լուրջ հարվածն է Հայաստանում Սամվել Կարապետյանի դիրքերին, որը կարող է հանգեցնել ոլորտում նրա ունեցած մենաշնորհի վերացմանը:
 
Նախարարության կայացրած այս որոշումը հուշում է, որ էներգետիկ ոլորտը կդիվերսիֆկացվի և մինիմալի կհասցվի նաև ռուսական կապիտալի ազդեցությունը: Ռուսական կողմի համար, որպես ՀՀ էներգետիկ ոլորտի միանձնյա տեր ու տիրակալ, Սամվել Կարապետյանը իդեալական ֆիգուր էր:: Բանն այն է, որ Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մեջ մտնում են տարբեր ոլորտներում գործող մոտ 200 ընկերություններ: Սակայն այդ խմբի մեջ իրենց ուրույն դերն ունեն հենց էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք ներառված են «Կասկադ էներգոհոլդինգ» ընկերությունների խմբում: Մասնավորապես, դրանք են «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո» եւ այսպես շարունակ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մաս կազմող Էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունները հիմնադրվել են 2005-ին եւ արդեն 2007-ից դրանք գործունեություն են ծավալում Ռուսաստանի մի շարք տարածքներում, այդ թվում նաեւ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանը վաղուց է Ռուսաստանի էներգետիկ շուկայի խաղացող:
  
Մինչ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափությունը, Սամվել Կարապետյանի բիզնեսի ցանկացած ընդլայնում դիտարկվում էր իբրև ապրիլից հետո գործող վարչապետի՝ իր պաշտոնում մնալու որոշակի երաշխիք: Ասել է թե՝ Սամվել Կարապետյանը ներդրում էր անում Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի համար: Ակնհայտ է, որ այսօր նման ներդրումներ անելու նպատակ, առավել ևս՝ ցանկություն՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատերը կարծես թե չունի: Բացի այդ, չմոռանանք, որ նրա հետագա ներդրումները, ինչպես նաև Ներդրողների ակումբի հետագա գործունեությունը այսպես թե այնպես հարցականի տակ էին՝ հաշվի առնելով փաստը, որ Կարապետյանը հայտնվել էր ԱՄՆ Պետդեպի կողմից կազմած կրեմլյան սև ցուցակում: Արդյո՞ք մաքսային կոռուպցիայի շղթան, որի բացահայտմամբ այսօր զբաղվում է ԱԱԾ-ն իրավական հարթության վրա կձգվի մինչև նախկին վարչապետ և նախագահ՝ ցույց կտա ժամանակը: Այս պատմության մեջ խորհրդանշական է նաև «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դերակատարումը: Նույն «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործը կապվում է նաև նրա անվան հետ; Այս կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, եթե ցանցը հասնի մինչև Սամվել Կարապետյան, ինչպե՞ս է նա շարունակելու իր հետագա գործունեությունը Հայաստանում...
 
Ստելլա Խաչատրյան