Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում այսօր՝ մայիսի 31-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը քննադատել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գործունեությունը:

 «Վերածնունդ» խմբակցությունից հայտնում են, որ ամիսներ առաջ Խանումյանը Ղուլյանին մեղադրել էր ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, մեղադրել էր նրան անգործության մեջ, այս անգամ այդ մեղադրանքներին ավելացավ նաև ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեղադրանքը:

«Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երևույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է և հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները:

 

Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: Վստահ կարող եմ նշել, որ այս ամենն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությունն է: Վստահորեն կարող ենք փաստել նաև, որ պարոն Ղուլյանն իրականացնում է Ազգային ժողովի աշխատանքների սաբոտաժ: Եվ ոչ միայն կատարողականի լուսաբանման հարցերով, այլ ընդհանրապես: Ես նախկինում ԱԺ նախագահին մեղադրել եմ ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, ես մեղադրել եմ նրան անգործության մեջ, հիմա մեղադրում եմ նաև ԱԺ աշխատանքների և պատգամավորների գործունեության միտումնավոր խանգարման ու սաբոտաժի մեջ: Այս հարցը քաղաքական քննարկման առարկա պետք է դառնա խորհրդարանական կուսակցությունների միջև: Երբ Հայաստանում ամեն փոքր համայնքի ավագանու նիստ անգամ օնլայն հեռարձակվում է, ամոթ է, երբ Արցախի ԱԺ հանձնաժողովների և լիագումար նիստերի քննարկումները թաքցվում են հանրությունից»,-մանրամասնել է պատգամավորը:

Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի Հանրային հեռուստատեսության և բուհերի խորհուրդների խնդիրներին: Հանրայինի մասին Խանումյանը մասնավորապես նշել է. Այս հեռուստատեսությունը մնում է որպես ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարևորագույն քաղաքական հարցերին և փակ է մնում քաղաքական թեմաների ու հատկապես ընդդիմության համար »: