Խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, զգուշացելով, որ գյուղմթերքի եւ մսամթերքի գինը բարձրանալու է 20 %-ով՝ այսինքն ԱԱՀ չափով, եթե կառավարությունը պահանջում է աշխատել ԱԱՀ դաշտում եւ ոչ թե ԱՁ-ների միջոցով, ինչպես աշխատել են նախկին ՊԵԿ ղեկավարության հետ համաձայնեցված, ընդհուպ քաղաքական ղեկավարության հավանության մակարդակով: Այլ կերպ ասած խոշորները սպառնում են Փաշինյանին, ակնարկելով, որ նոր խաղի կանոններն իրենց սրտով չէ և նրանք կնախընտրեն գործել հին իշխանությունների հետ համաձայնեցրած մեխանիզմով: Այս սպառնալիքը ունի նաև նուրբ քաղաքական երանգ, եթե հաշվի առնենք, որ միայն գյուղմթերքով և մսամթերքով թանկացումները չեն ավարտվի, ապա կտրուկ գնաճը նույնքան կտրուկ կարող է ազդել վարչապետի վարկանիշի և հանրության շրջանում՝ նրա կաբինետի հանդեպ տածած վստահության վրա: Իսկ Փաշինյանին նման սցենար այս փուլում բացարձակապես պետք չէ, քանի որ առջևում նրա իսկ կողմից պահանջվող արտահերթ ընրություններն են, եթե իհարկե՝ խորհրդարանական մեծամասնությունը չդիմի արկածախնդրության և չփորձի դրանք վիժեցնել: Այն ինչ այս պահին փորձում են անել խոշորները, ոչ այլ ինչ է քան շանտաժ և տնտեսական սաբոտաժ:Փաշինյանը արդեն իսկ արձագանքել է թանկացումներով սպառնացողներին, իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով բոյկոտել թալանչիներին և կոռուպցիոներներին: Եթե Փաշինյանը նման կոչ աներ մինչ մայիսի 8-ը Հանրապետության հրապարակից, ապա դա գուցե տրամաբանական հնչեր, սակայն այսօր նման հորդորը փոքր ինչ իմաստազրկված է, քանի որ հասարակության զգալի հատվածը Փաշինյանին հասցրել է մինչև վարչապետական աթոռ ոչ այն բանի համար, որպեսզի նորից փողոցներ փակի կամ բոյկոտի այս կամ այն առևտրական ցանցը: Այսինքն հանրությունը կոնկրետ քայլեր է պահանջում վարչապետ Փաշինյանից՝ իրավական հարթության մեջ, պահանջում է որպեսզի վերջինս գործի դնի իր լիազորությունների սահմանում ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները վերացնելու այդ նույն հանրության համար անցանկալի երևույթները: Եվ ի վերջո ի՞նչ է ասել բոյկոտ՝ մարդիկ հրաժարվե՞ն հաց գնելուց: Կամ ո՞ւմ բոյկոտեն, եթե թալանչիների և կոռուպցիոներների ամբողջական ցանկը դեռևս հանրության դատին հանձնված չէ: Փաշինյանի գլխավոր խնդիրն է այս պահին խոշորներին գործնականում ապացուցել, որ Հին Հայաստանը և Հին Հայաստանում սահմանված խաղի կանոնները անվերադարձ անցել են պատմության գիրկը, որ խաղեր տալը և տնտեսական սաբոտաժը հարցեր չեն կարող լուծել Նոր Հայաստանում: Հանրությունը իհարկե կարող է հետևել վարչապետի կոչին և բոյկոտել մեկ–երկու հայտնի օլիգարխների առևտրային ցանցերը, նույնիսկ կարող է մեկ-երկու ամիս հրաժարվել միս և գյումթերք սպառելուց, բա հետո՞…

 

Ստելլա Խաչատրյան