«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հունիսի 5-ին կալանքից ազատ է արձակվել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել պետությանը պատճառված վնասը:

Նա այսօր հայտարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշել է.

 

«Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։

Քրեական գործով հաշվարկված վնասը ըստ նախնական հաշվարկի կազմել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։

Ցանկանում եմ նաև նշել, որ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո։

Ներկայումս՝ իմ և իմ աշխատակիցների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իմ գնահատմամբ ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պահպանվել են իմ և իմ աշխատակիցների իրավունքները»։

Փաստորեն, ստացվում է՝ Ունանյանը փոխել է դիրքորոշումն այս հարցում, քանի որ ի սկզբանե՝ նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հանցավոր սխեմա էր հայտնաբերել, մասնավորապես, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով  ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ  նվազեցրել  են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։