Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է վերականգնի հասցված վնասը, տնկի անտառի կրկնապատիկը:
Բաց նամակում ասվում է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը հանգեցրել է ՀՀ Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ գյուղերում բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական իրավիճակի սրման:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար ՀՀ կառավարությունը 2007թ-ի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 1279-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ անվան տակ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներից ստիպողաբար վերցրել է 81,483 հեկտար հող եւ տրամադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Մեկ քմ հողի դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ն վճարել է 40-50 դրամ: Մարդիկ զրկվել են սեփական հողերից, գյուղատնտեսությամբ ու սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, անտառի բարիքներից, մաքուր հողից, մաքուր ջրից եւ մաքուր օդից: Սեփական եկամուտներից զրկվելով' բնակիչների մի մասը կախվածության մեջ է ընկել «Թեղուտ» ՓԲԸ-ից, որտեղ ընդունվել է աշխատանքի: Սակայն 2018թ-ի փետրվարին «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ անժամկետ դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը եւ լուծում 1032 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը:
Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչները փակել են դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը' պահանջելով վերականգնել իրենց ապրուստ վաստակելու իրավունքը, քանի որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետեւանքով նրանք զրկվել են եկամտի իրենց աղբյուրներից:
Նախկին կառավարությունը պարտավոր էր հետաքննել եւ հանրությանը ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում «Թեղուտ» ՓԲԸ-ում, վարկային պայմանագրերի դադարեցման հիմքերը, որոնք ներկայացրել էր դանիական կողմը: Դանիական PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը հետ է պահանջել ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլլարի չափով վարկը լուրջ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրների պատճառով: Նախկին կառավարությունը պարտավոր էր հետաքննել եւ հանրությանը ներկայացնել, թե արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագրային պարտականությունների չկատարման համար ներպետական օրենսդրությամբ ինչ պատասխանատվություն պետք է կրի, ինչքան անտառ է իրականում հատվել, եւ որքան անտառ է իրականում տնկվել, որքան է տնկված անտառի կպչողականությունն իրականում եւ որքանով է օրենքի տառին համապատասխանում անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիների տնկումը, որքանով է Թեղուտի պոչամբարն անվտանգ տեղի բնակիչների համար, արդյոք ընկերությունն ունի պոչամբարի ռիսկերի կառավարման կարգ, թե' ոչ, արդյոք ընկերությունը գումարներ նախատեսել է սոցիալական ծրագրերի, բնապահպանական խնդիրների վերացման, հանքի փակման, պոչամբարի անվտանգության ապահովման, վնասների փոխհատուցման համար եւ այլն:
Չի բացառվում, որ խախտելով պարտավորությունները, «Թեղուտ» ՓԲԸ-ն կարող է դադարեցնել իր գործունեությունը' չվերականգնելով շրջակա միջավայրին եւ տեղի բնակչությանը պատճառված վնասները, պետությանը թողնել կիսով չափ շահագործված հանքավայր, որի հարուստ եւ դյուրին արդյունահանվող պաշարները հանվել են, իսկ մնացած պաշարները արդյունահանելը շահավետ չէ:
Թեղուտի հանքի շահագործումը տեղի է ունեցել առանց պետական պատկան մարմինների եւ տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչությունների կողմից պատշած հսկողության, չեն բացահայտվել «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում առաջացած բնապահպանական եւ սոցիալական խնդիրները: Նման պայմաններում եթե «Թեղուտ» ՓԲԸ-ն գնա գործունեության լիակատար դադարեցման, ապա դա կնշանակի, որ ՀՀ կառավարությունը թույլ է տալիս ընկերությանը' մնալ անպատիժ ու առանց պատասխանատվություն կրելու, որի արդյունքում մենք՝ քաղաքացիներս եւ պետությունը, կկանգնենք վերը նշված խնդիրների առջեւ։
Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը վերջապես իրագործի ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ իր լիազորությունները եւ պարտավորեցնի «Թեղուտ» ՓԲԸ-ին վերականգնել խախտված տարածքները, տնկել հատված անտառի կրկնապատիկը եւ պատշաճ խնամք ապահովել, իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց, կանխել Շնող եւ Դեբեդ գետերի, հողերի աղտոտումը ծանր մետաղներով, հանրությանը ներկայացնել այն դրամագլուխը, որն ընկերությունը պետք է նախատեսած լինի հանքի փակման, պոչամբարի ռեկուլտիվացիայի, Թեղուտի հանքավայրի ենթակառուցվածքների ապամոնտաժման եւ շրջակա միջավայրի վերականգնման համար: Այս գործողությունները պետք է կրեն պարտադիր բնույթ անկախ նրանից, թե ընկերությունը շահագործում է Թեղուտի հանքը, թե' ոչ:
Եթե ընկերությունը որոշի փակել հանքը, ապա պետք է կատարի «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված եւ նույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող պարտավորությունները, որոնք են'
«ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ' ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը' օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները»:
Պահանջում ենք պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին (ներկայումս' ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), ով ստորագրել է Թեղուտի ծրագրի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, որում անտեսվել են Թեղուտի ծրագրի ռիսկերի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը եւ եզրակացությունները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ բողոքները:
Հուսով ենք, որ նոր կառավարությունը անհապաղ միջոցներ կձեռնարկի, որպեսզի Լոռու մարզի սահմանամերձ գոտում տեղի չունենան էկոլոգիական աղետ եւ սոցիալական ցնցումներ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան
Անկախ փորձագետ Ռոզա Ջուլհակյան
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Ելենա Մանվելյան
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, Սամվել Պիպոյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիա, Կարինե Դանիելյան
Անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյան