Օրեր առաջ ԼՈւՐԵՐ.com-ը հրապարակել էր «ԵՊՀ հյուրատան գործը՝ վարչապետի սեղանին. ինչպե՞ս Արամ Սիմոնյանը շենքը գրոշներով վաճառեց Դերժավայի Արկադին (փաստաթղթեր)» վերնագրով ծավալուն հոդված, որին մեկը մյուսի հետևից սկսեցին արձագանքել թե' գնորդը, թե' ԵՊՀ-ն:

Բանն այն է, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզաբանում ստանալու գույքի վաճառքի իրավական ակտի մեջ նշված՝ 1 899 686 126 դրամ սկզբնական արժեքով դրույթի վերաբերյալ: Ինչպես նաև նույն հարցով դիմել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որպեսզի վերջինս տրամադրի տեղեկատվություն վերոնշյալ անշարժ գույքի օտարման պայմանագրում գնի վճարման տարաժամկետ եղանակ նախատեսելու պատճառների մասին, ինչպես նաև տրամադրի տեղեկատվություն, թե պայմանագրով նախատեսված 20 160 000 000 դրամը «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի կողմից ԵՊՀ-ին վճարվե՞լ է, և եթե այո, ապա ե՞րբ է վճարվել:

Վերոնշյալի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում է ստացել «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ից: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաքաղաքացիների մտահոգությունները փարատելու նպատակով «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն ներկայացնում է հստակ փաստեր՝ ԵՊՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի հյուրատունը (այսուհետ նաև՝ Հյուրերի տուն) ձեռք է բերվել Համբարձումյանների ընտանիքի կողմից: Այդ նպատակով հիմնադրվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ընկերությունը, որը հետագայում մասնակցել է Հյուրերի տան օտարման մրցույթին, որը մեկնարկել է 2015թ. օգոստոսի 5-ին: Նշված հրապարակային մրցույթի 07.09.2015թ. թիվ 1 արձանագրության համաձայն (կցվում է) «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է գնային առաջարկ 2.160.000.000 դրամի չափով (որը 2015թ.-ին ՀՀ ԿԲ փոխարժեքով կազմել է մոտ 4.6 միլիոն ԱՄՆ դոլար), որն, ինչպես հետագայում պարզվեց, եղել է ոչ միայն ամենաբարձր գնային առաջարկը, այլև՝ միակն այդ մրցույթում»:

«ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն նշում է, որ մրցույթով Հյուրերի տան սահմանված նվազագույն (մեկնարկային) գինը կազմել է 2.143.800.000 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական գույքի գույքագրման և արժեքի գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատման ակտի, որն իրականում վաճառվող շենքի իրական շուկայական արժեքից ավելի բարձր էր, քանի որ ԵՊՀ Հյուրերի տունը տասնամյակներ շարունակ չի վերանորոգվել և գտնվել է անմխիթար վիճակում՝ բաղդադե առաստաղները փտած, սանհանգույցները անսարքին և ժանգոտած, շահագործման համար ոչ պիտանի վիճակում, իսկ շենքի նկուղը բազմիցս լցվել է ջրով և մշտապես գտնվել խոնավ վիճակում, ուստի շենքը ներսից դարձել էր շահագործման համար ոչ պիտանի. «Շենքը գնելով՝ ընկերությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներքին մասը պետք է հիմնովին վերանորոգվի: Ուստի միանգամայն հասկանալի է, թե մրցույթին ինչու մասնակիցներ չեղան, որոնք թերևս, կցանկանային «գրոշներով» գույք գնել: Չնայած դրան, «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կողմից որոշում կայացվեց կյանքի կոչել մի նախագիծ, որի համաձայն 2017թ. սեպտեմբերից Հյուրերի տան շենքը հիմնովին վերակառուցվում է և 2019թ.-ին շահագործման կհանձնվի 5-աստղանի («Ինտերկոնտինենտալ Հոթել Գրուպ» համաշխարհային ապրանքային նշանի ներքո), որը ոչ միայն կապահովի ՀՀ քաղաքացիներին բարձր վարձատրվող հարյուրավոր նոր աշխատատեղերով, այլև կհամալրի Հայաստանի բարձրակարգ հյուրանոցների շարքը, ինչը, վստահ ենք, կխթանի զբոսաշրջության ավելացումը մայրաքաղաքում: Մրցույթի անցկացման մասին Ընկերությունը տեղեկացել է «azdarar.am» հրապարակային ծանուցումների կայքից (ծանուցումը կցվում է՝ https://www.azdarar.am/announcments/org/131/00107063/ Համապատասխան հայտը ներկայացրել է 03.09.2015թ.»,- պարզաբանում է ընկերությունը:

Ըստ ընկերության՝ մրցույթում հաղթող ճանաչվելով՝ ընկերության հետ ԵՊՀ հիմնադրամը 16.09.2015թ.-ին կնքել է առուվաճառքի պայմանագիր, որին դեռ մրցույթի անցկացման ժամանակ նախորդել է ընկերության կողմից կատարված 107.2 միլիոն դրամ նախավճարի բանկային փոխանցումը՝ որպես մրցույթին մասնակցելու նախապահանջ: Հետագա 5 ամիսների չափաբաժիններով՝ 410.5 միլիոն դրամի ամսական փոխանցումներով, 2016թ. փետրվարին ամբողջությամբ վճարվել է շենքի վաճառքի արժեքը.

«Ավելին, առուվաճառքի պայմանագրի պարտավորվել է մինչև 2019թ.-ը կատարել 2.4 միլիարդ դրամի ներդրումներ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար), սակայն նախագծի ավարտին դրանց չափը զգալիորեն ավել կլինի /կամ՝ դրանց չափը կգերազանցի 3.5 միլիարդ դրամը/: Նշենք, որ շենքի վերակառուցման շրջանակում առ այսօր արդեն իսկ կատարվել է մոտ 1 միլիարդ դրամի ներդրում: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ հոդվածում վկայակոչված՝ Հյուրերի տան տակի պետական «տարածքը զբաղեցրած գարեջրատունը» իրականում Հյուրերի տան նկուղը զբաղեցրել է օրենքին հակասող՝ «Գույքի ԱՆՀԱՏՈՒՅՑ օգտագործման պայմանագրով», որը 16.05.2003թ. ստորագրվել է ԵՊՀ նախկին ներկայացուցչի և «գարեջրատան» տնօրեն Հարութ Ղազարյանի կողմից: Նշված պայմանագրով ԵՊՀ-ին պատկանող պետական տարածքը բոլորովին անհատույց տրամադրվել է «Շանտան» ՍՊԸ-ին (գարեջրատանը) 20 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում «Շանտան» ՍՊԸ-ի փայատեր-մասնակիցներ են հանդիսացել վերը նշված Հարութ Ղազարյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Հարկ է նշել, որ 2015թ. սեպտեմբերին գնելով Հյուրերի տունը՝ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել գարեջրատան սեփականատերերի հետ առ այն, որ «Շանտան» ՍՊԸ-ից վարձավճար չի գանձվելու և ընկերությունը չի խոչնդոտելու «գարեջրատան» գործունեությանը մինչև շինարարական աշխատանքների սկիզբը, որի դիմաց ընկերությունն ակնկալում էր, որ շինարարական աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ «Շանտան» ՍՊԸ-ն կազատի տարածքը: Չնայած Ընկերությունը պահեց իր խոստումը և մինչ շին. թույլտվությամբ սահմանված աշխատանքների սկիզբը՝ 15.08.2017թ.-ը, որևէ կերպ չխոչնդոտեց գարեջրատան աշխատանքներին, ի թիվս այլի տնտեսելով գարեջրատան համար 2 տարվա վարձավճարի գումարը, որն ամենացածր շուկայական արժեքով կկազմեր մոտ 20 միլիոն դրամ, սակայն «Շանտան» ՍՊԸ-ն չպահեց իր խոստումը. տարբեր տեսակի բողոքներով և հայցերով փորձեց և մինչ օրս էլ փորձում է խոչնդոտել «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության կառուցապատման աշխատանքներին: Ամիսներ առաջ «Շանտան» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան իրեն չվերաբերող շին. թույլտվությունը վիճարկելու հայցով, որն, ի դեպ, ՀՀ վարչական դատարանի կողմից մերժվել է»,- ասվում է պարզաբանման մեջ և ընդգծվում՝ ներկայումս «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, «Շանտան» ՍՊԸ-ից անցած 2 տարիների վարձավճարի գումարը բռնագանձելու պահանջով»:

Նշենք նաև, որ մեր հրապարակումից հետո պարզաբանում հրապարակեց նաև ԵՊՀ-ն, որտեղ նշվում էր, որ վաճառքի գինը որոշել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, ոչ թե ԵՊՀ-ն:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կրկին զրուցեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով ասաց, որ այս ամենն արդեն հուսադրող է: