Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ծանր է տանում այն ամենը, ինչ կատարվում է Ազգային ժողովում: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը, ով բանակի գեներալ է, իրավունք չուներ նման կերպ վարելու:
«Իրապես ծանր եմ տանում այս ամենը, փաստորեն, բանակի գեներալը նման գործով մեղադրվում է: Կարծում եմ, որ այս դեպքից հետո շատ-շատերը զգոն կլինեն և ի վերջո կհասկանան, որ անպատժելիության մթնոլորտը վերանում է և ամեն անօրինական արարքի համար պատասխան են տալու»,- ասաց Միքայելյանը:
Հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը միայնակ էր կատարել այդ գործողությունը, Սասուն Միքայելյանը նշեց, որ այս հարցի պատասխանը կտան իրավապահ մարմինները:
«Այս ամենն անպատժելիության հետևանք է և եկել է նախորդ իշխանությունից: Չեմ կարող հիմա մեղադրել այլ անձանց, բայց որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, համոզված եմ: Այժմ գնում է քննություն և պարզ կլինի, թե ովքեր են անցնում այս գործով»,- ասաց նա:
Լրագրողները հիշեցրին, որ Սասուն Միքայելյանը ժամանակին եղել է ՀՀԿ-ից: «Ես եղել եմ ՀՀԿ պատգամավոր, հպարտ եմ, որ Վազգեն Սարգսյանի հետ Կոտայքի մարզում հիմնեցինք գրասենյակ: Իմ գործունեության ընթացքում ես միշտ եղել եմ պարզ և ասել եմ ամեն ինչ: Ես եղել եմ Հանրապետական կուսակցության, այլ ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին: