Մարդկային ռեսուրսների զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեց երկրում կատարված վերջին իրադարձությունների մասին:

Թևան Պողոսյանը դրական գնահատեց կոռուպցիայի, ապօրինությունների,  հանցագործությունների դեմ տարվող լայնածավալ պայքարը, բայց կոչ արեց ուշադրությունը սևեռել ոչ թե  անձերի վրա, այլ  բացասական երևույթների:

 

Image result for Թեւան Պողոսյան

«Մենք պետք է անցնենք անձերից դեպի երևույթները:  Տեղի է ունեցել հեղափոխություն, և դրական փոփոխությունները մեկ անհատ չի անելու: Պետք է հասկանանք, որ մենք էլ ունենք անելիք:  Օրինակ, եթե ես վաճառող եմ,  որպես ազնիվ քաղաքացի՝  չեկ եմ տպելու, աշխատելու եմ օրինական դաշտում, եթե լրագրող եմ, ապա  որպես լրագրող՝ իմ վերլուծություններում գրելու եմ, որ յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզնից: Մենք ենք փոխվելու: Պետք է անենք ամեն ինչ, որ  այլևս մեզ մոտ մանվելներ չլինեն: Թեպետ հիշենք, որ գոյություն ունի անմեղության կանխարկված, որի  կողմնակից եմ: Պետք չէ դեռ անուններ տալ»,-ասաց բանախոսը:

Մանվել Գրիգորյանի դեպքի և, առհասարակ, նմատիպ դեպքերի հետ կապված՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ եթե դատարան չենք, պետք չէ դատարանի դեր ստանձնել: Մարդու նկատմամբ հարգանքը պետք է զսպվածություն թելադրի:

Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև երկրապահներին՝ նկատելով, որ կառույցը պետք է ոչ թե արմատախիլ անել, այլ տրանսֆորմացիայի ենթարկել. ի վերջո՝ տարիներ շարունակ մենք մտածել ենք՝ ահա, կա երկրապահ ջոկատ՝ պատերազմական իրավիճակում կգնա և մեր հացերը կլուծի: Այս վերաբերմունքը թույլ է տվել անձերին իրենց ընտրյալ զգալ:

 

Թևան Պողոսյյանը նշեց նաև, որ երկրում տիրող իրավիճակը չպետք է թույլ տա մոռանալ սահմանների մասին.

«Ադրբեջանը չի նայում, թե Հայաստանում գործընթաց է, սպասենք, թող ավարտվի: Երեկ խոցվեց անօդաչու թռչող սարք:  Սրանից վախենալ պետք չէ, պետք է հասկանալ, թե ինչ ենք մենք անում, որ հաջորդ անգամ մեր սարքը չխոցվի, այլ իրենցը խոցվի: Ադրբեջանը որևէ քայլ չի անում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար, զենք- զինամթերք է գնում, սադրում, բանակցային լուծում չի տեսնում: Մենք պետք է պատրաստվենք ամեն օր ավելի հզոր լինել»,-նկատեց Պողոսյանը:

Երկրի ներսում առկա բոլոր քաղաքական խնդիրների, ինչպես նաև արտահերթ ընտրությունների լուծումը բանախոսը տեսավ կոնսենսուսային սեղանի շուրջ հավաքվելու մեջ: Պողոսյանը կարևորում է ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակը, այլ  այն որակը, որը կապահովվի այդ ընտրություններում.

«Կցանկանամ, որ ունենանք այնպիսի օրենսդրական դաշտ, որ ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական միավորումներն  ունենան հավասար, արդար, անկաշկանդ իրավիճակ՝ իրենց քաղաքաղկան տեսլականը իրականացնելու համար: Մեզ համար պետք է  հասկանալի  լինի, թե որն է  այս քաղաքական ուժի տեսլականը, որն է գործողությունները և ինչ է անելու հինգ տարվա ընթացքում: Եթե այս ամեն ինչը չենք ապահովելու, ապա ընտրությունների վրա միշտ բիծ է լինելու»,-ամփոփեց բանախոսը: