Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: