Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Անկախ հանձնաժողովի զեկույցում տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:
ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովի և Էլխան Սուլեյմանովի նկատմամբ պատժամիջոց է կիրառել, և նրանք ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից:
Եվրոպայի խորհուրդը 2017 թվականից սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:
Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի: Ադրբեջանը հերքել է ներկայացված բոլոր մեղադրանքները: