factor.am-ը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված է «ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ, ըստ որի, ՀՀ պաշտոնաթող նախագահին անհատույց կարգով գրասենյակ կհատկացվի ոչ թե 10, այլ 15 տարի ժամկետով, փաստորեն, Կառավարությունը, փոփոխություն կատարելով որոշման մեջ, վարձակալման ժամկետը ավելացրել է ևս 5 տարով։

Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ փոփոխության ահրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա օգոստոս ամսին լրանում է 2-րդ նախագահին հատկացված գրասենյակի վարձակալման տասը տարին․ «Հետևաբար, վարձակալման ժամկետը երկարաձգվեց»։

Հարցին՝ արդյոք ևս հինգ տարի Ռոբերտ Քոչարյանը կաշխատի նույն գրասենյակում, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ գրասենյակի տեղի փոփոխություն չի նախատեսվում։ Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում՝ Էրեբունի պլազա հյուրանոցի 6-րդ հարկում, իսկ այդ տարածքի վարձակալման գումարի չափը սահմանվում է ըստ Էրեբունի պլազայի և Կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության, իսկ այս տարվա պետական բյուջեից որպես վարձակալման վճար արդեն հատկացվել է 20 մլն դրամ։