Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում առաջացած մի շարք վարչական իրավախախտումների տույժ ու տուգանքների համաներման արդյունքում զիջվող գումարի չափը կհասնի 13.3 մլրդ դրամի: ՀՀ կառավարության նիստում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ համաներումը պետք է լինի Ազգային ժողովում ընդունված օրենքի, այլ ոչ թե որոշման տեսքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին: Արդարադատության նախարարն էլ շեշտեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ:
ՀՀ վարչապետն ի պատասխան ընդգծեց, որ նշված հանգամանքը շատ կարևոր է: Նա քաղաքացիներին կոչ արեց սպասել, մինչև ԱԺ-ում օրենքն ընդունվի, համոզվել, որ օրենքը վերաբերում է այն իրավախախտումներին, որը քաղաքացին կատարել է:
«Դրանից հետո լավ կլինի, որ մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն: Տեսախցիկների և արագաչափերի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին: Հիմա ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ և կառավարությունը մշակում են օրենքի նախագիծ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման:
«Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, համաձայն որի նոր օրենսդրության նպատակը լինելու է երթևեկության կարգապահության բարձրացումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանությունը բավականին լավ առաջարկներ է արել, և հույս ունեմ, որ փորձագիտական մակարդակում ևս կիմանանք, որ դա արդյունավետ ճանապարհ է»,- հավելեց գործադիրի ղեկավարը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է մոտ 1.3 մլրդ դրամի շուրջ 150 հազար իրավախախտման՝ հայտնաբերված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և 12.4 մլրդ դրամի շուրջ 700 հազար իրավախախտման՝ արձանագրված ճանապարհապարեկային ծառայության կողմից:
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ սա չափազանց կարևոր որոշում է, որովհետև եթե մինչև հիմա մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, որ առնվազն նրանց մի մասն, այսպես, թե այնպես, չէր վճարելու, իսկ այդ չվճարումն իր հետևից բերում է որոշակի հետևանքներ՝ գույքի կալանքներ, դատական պրոցեսներ, ԴԱՀԿ գործառույթներ:
«Այս օրենքով մարդկանց այդ անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը հետևյալի մասին է, որ մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: