ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը: Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Համաձայն արձանագրության՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է Հրանտ Դավթյանը: Շնորհավորում ենք»,-ասաց Արա Բաբլոյանը:
Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի Հրանտ Դավթյանը երդվեց:
«Հանուն համազգային նպատակների իրականցման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային, համամարդկային արժեքների պահպանման համար»,-ասաց Հրանտ Դավթյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից: