Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Նախքան կենտրոնակայան մուտք գործել նա պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է:
«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:
Հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի և Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:
ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:
Այնուհետև, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ ճաշից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: