Մսավաճառները բողոքում են, քանի որ չեն կարողանում իրացնել իրենց մսամթերքը, սուպերմարկետները չեն ընդունում տեղականը՝ նախապատվությունը տալով ներկրվածին: Սա կարող է դառնալ պատճառ, որ 2000 մսավաճառ մնա անգործ, որն էլ գործազրկության խնդիր ունեցող գյուղացու համար կարող է դառնալ արտագաղթի պատճառ: Այս խնդիրն անմիջական կապ ունի մսամթերքի 20 տոկոսով ԱԱՀ ավելացման հետ: ԼՈւՐԵՐ.com-ը այս խնդրի, դրա ծագման, հնարավոր լուծման տարեբերակների մասին խոսեց տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, գյուղացիների մսամթերքի իրացման խնդիրը որտեղի՞ց է սկիզբ առել
-Երբ 2003 թվականին ՀՀ-ն դարձավ համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ՝ խնդրեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ 8 տարի արձակուրդի ժամանակահատված, որպեսզի կարողանա գյուղմթերքի հարկման հարցը կարգավորել: Կառավարության խնդրանքով, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը համաձայնեց չհարկել գյուղմթերքը: Այդ 8 տարին անցնելուց հետո դրան դեռ պատրաստ չէինք և մտածեցինք պարզեցված հարկի հիմնադրման մեթոդը: Այդ նույն ժամանակներում՝ 2006-2007 թվականներին համակարգը դրվեց: Պարզվեցված հարկի մոդելի վրա աստիճանաբար իրավիճակը փոխվելով՝ ձեռնարկվեց շրջանառության հարկի գաղափարախոսությունը: Սա միայն միջին բիզնեսին քիչ հարկելու համար չէր. Համաշխարհային առևտրի կազմակերպության կարևոր պահանջի ժամկետը լրացել էր, և մենք դեռ պատրաստ չէինք թույլատրել, որ գյուղմթերքները հարկվեն: Ճկուն, խելամիտ մեթոդներ ստեղծեցինք, որոնք թույլ են տալիս գյուղացուն իր ապրանքը վաճառելու դեպքում հարկեր չվճարել: Այժմ ֆերմերներից գնողները սուպերմարկետներն են, որոնք որպես խոշոր հարկատու աշխատում են ԱԱՀ ռեժիմով՝ այդ պատրվակով նաև չարաշահելով կամ օգտվելով վիճակից՝ տարբեր սուպերմարկետներում ստեղծվել են «ԱՁ» անվան տակ փոքր ընկերություններ, որոնք որպես վաճառող են հանդես եկել, որպեսզի հարկը վճարեն շինարարության հարկի չափով: «ԱՁ» մեխանիզմով գյուղմթերքի փոխարեն նաև այլ ապրանքներ են սկսել վաճառվել, որը ստուգումների արդյունքում խախտում է համարվել, և պետությունը պատժիչ գործողություններ է ձեռնարկել՝ շուրջ 42 մլն դրամի չափ գումարներ են հարկվել 73 տնտեսվարողներից՝ այդ թվում «Երևան սիթի» և այլ առևտրային կազմակերպություներից:
-Ինչպիսի՞ վնասներ է կարող է կրել գյուղացին:
-Գյուղացու մթերքը, եթե «ԱՁ» մեխանիզմը չի կիրառվել, պիտի վճարվի 20 տոկոս ԱԱՀ-ով, այդ դեպքում միսը 20 տոկոսի չափ պետք է թանկանա: Կարծում եմ՝ խանութներում եթե միսը թանկանա՝ սպառումը կնվազի: Սուպերմարկետը անհանգստանում է, որ սպառումը չնվազի, քանի որ դրա վրա գումար է աշխատում: Եթե այստեղ լուծում չտանք, մի քանի ճանապարհ կա, որ սուպերմարկետներին կամ խոշոր հարկատուներին կարող են բռնել.
- Սուպերմարկետները կարող են իրար մեջ պայմանավորվել՝ ուղղակի միսը գյուղացուց չգնել, որը հիմա են անում: Նրա համար ավելի եկամտաբեր է դրսից միսը բերել, վաճառել, քան թանկ գնել գյուղացուց: Հետևաբար, գյուղացու արտադրած միսը չի վաճառվի, և տեղական արտադրանքը չի խթանվի:
- Սուպերմարկետները պետք է իրենց շահույթների հաշվին գները չփոփոխեն, թողնեն նույն գները, բայց 20 տոկոսի տարբերությունը իրենց եկամուտներից վճարեն: Դա կարող են կատարել կամ ոչ:
- Պետությունը պետք է լուծման մեթոդներ գտնի: Իր հսկողության տակ հնարավորություն տա նախկին մեխանիզմը ինչ-որ կերպ շարունակել, և հսկողության մեխանիզմները այնքան լավացնել, կամ պայմանավորվածությունները սուպերմարկետների հետ հստակեցնել, որ չարաշահումների դեպքում խիստ պատժվեն:
- Եվ կա տարբերակ, որ գյուղացին էժան վաճառի մսամթերքը:
Առաջին օրերին, երբ աղմուկն ավելացավ՝ սուպերմարկետի տերերը ստորագրահավաք անցկացրին և հայտարարեցին՝ ակնարկելով, որ եթե խնդիրը չկարգավորվի, ապա այլ երկրներից ներմուծումը կուժեղանա: Գյուղացիները անասունների բուժումների, կերի համար այնքան գումար են ծախսում, որ ստիպված են լինում մեկին մորթել, որ մնացածին պահեն: Այստեղ պետությունը սուբսիդավորման խնդիր ունի կամ էլ պետք է օգնի, հակառակ դեպքում եկամտաբերության նման ցածր մակարդակը խնդիրներ կբերի: Գյուղացին եթե էժանացնի՝ վնաս կկրի, անասուն պահելը կդառնա ոչ ձեռնտու: Պետությունը պետք է արագ կողմնորշվի, հակառակ դեպքում մեկ տարի հետո գյուղացիներն այնքան անասուն կմորթեն, որ մենք մսի լուրջ դեֆիցիտ կունենանք, պետությունն էլ կդառնա ապրանքները ներկրող պետություն:
-Որո՞նք են այս խնդրի հնարավոր լուծումները:
-Պետությունը համարում է խնդիրը լուծված, բայց լուծված չէ: Պետք է ոլորտի համապատասխան գերատեսչությունների, գյուղացիական ֆերմերային տնտեսությունների, մասնագետների հետ գնահատեն իրավիճակը: Երեկ վարչապետը լավ լուծում տվեց՝ 42 մլն-ից 30-ը տրամադրել համայնքների զարգացմանը: Նույն ձևով թաքցրած ստվերային գւմարները, որ վերադարձվում են, հաշվարկել՝ թանկացումը չափելով սուբսիդավորել գյուղացուն: Հաշվարկ անել, որ այսքան շահութաբերություն կա, լեզու գտնել, կամ քվոտավորել: Դրսից մսամթերքի ներկրումը ներսի արտադրողներին կհուսահատեցնի: Մենք կզրկվենք որակյալ մսից, իսկ որակյալ միսը Հայաստանի համար բրենդ է: Շատ տուրիստներ գալիս են հայկական կերակուրներ ճաշակելու: Այստեղ միայն գյուղատնտեսական հաշվարկ չէ, միայն սոցիալական խնդիր չէ, այստեղ կա տնտեսագիտւթյուն, կա տուրիզմ, այլ ազդեցություն կա, որոնք պետք է դնել նժարի վրա և հաշվարկել: Կան գործոններ՝ գյուղացին, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, տուրիզմը, աղքատ ու գործազուրկ ժողովրդի վրա ավելի էժան ապրանք վաճառելը, որակյալ, տեղական արտադրողին խթանելը: Սրանք պետք է դնել սեղանի վրա և հասկանալ՝ ինչ մանիպուլյացիներով կարելի է գալ կոմպրոմիսի:
Արմինե Արմենակյան