Ինչպես տեղեկացրել ենք, ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներն այսօր չներկայացանքաղաքապետարանում ընթացող ավագնու նիստին, սակայն գտնվում էին տարածքում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե ինչու չմասնակցեցին և ինչ ակնկալիքներ ունեն այս գործընթացից, ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, բայց հետևում էին իրադարձություններին. «Ակնկալում ենք, որ Երևանը, վերջապես, կունենա օրինական ընտրված և պրոֆեսիոնալ ավագանի, ակնկալում ենք, որ այս փոփոխությունները շարունակական կլինեն և պայմանավորված չեն լինի մեկ կամ երկու ընտրություններով»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նկատեց, որ գուցե ԵԼՔ-ի անդամներն այս օրերին հանդիպել են ՀՀԿ ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս այսօր թեկնածու չառաջադրե՞ն, Խաժակյանը պատասխանեց. «Որևէ հանդիպում ՀՀԿ-ի հետ չի եղել: Ես կբնորոշեմ, որ իրենք իրեն չակերտավոր վատությունը քաղաքին արեցին՝ ընտրության օրն այսօր դնելով: ՀՀԿ-ի էջը նոր Հայաստանում փակ է»:
Մեր թղթակցի մեկ այլ նկատառմանը, որ եթե նոր իրավիճակում ստացվում է, որ ընտրությունները կլինեն սեպտեմբերին, ուստի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանի թեկնածությունը հնարավոր կլինի առաջադրել, քանի որ կլրանա վեջինիս երեսուն տարին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Մի առիթով ասել եմ, որ ավագանու ցանկացած անդամ պետք է իմանա, որ ինքը մի օր կարող է լինել քաղաքապետ, ուստի ոչ միայն Թեհմինեի, այլև մյուսների թեկնածությունները քննարկվում են: Ինչու ոչ՝ կարող է նաև իմը քննարկվել»:
Մեր թղթակիցը նկատեց, որ Դավիթ Խաժակյանի տարիքը շատ հեռու է երեսունից, ինչին ավագանու անդամը կատակով պատասխանեց, որ դա չի խանգարում, և ինքը գուցե վեց տարի հետո լինի քաղաքապետ:
Լիլիթ Հակոբյան