ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ։

 

Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին է ներկայացրել հաշվետու տարում կատարված աշխատանքները,

կազմակերպության ֆինանսական կատարողականը։

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է եղել տեխնիկական նոր լուծումներին և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված քայլերին:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Նշվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հայկական ինժեներական ընկերության հետ համագործակցությամբ։

 

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին. մասնագետները ներկայացրել են եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման գործընթացը։

 

Նախարարը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման և արդիականացման առաջիկա ծրագրերին, նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու դրանց իրագործմանը։

 

Կարևորելով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի աշխատանքը'Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծել է աչալուրջ աշխատանքի շարունակականության և անխափան ռադիոհաճախականային կապի կարևորությունը։