ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսյբուքյան մինի-ասուլիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Հայրապետյանի ղեկավարած կառույցի ողորմելի վիճակին: Երեկ էլ Փաշինյանն ակնարկել էր, որ ֆուտբոլի ֆեդերացիայում «տրամաբանական փոփոխություններ» են անհրաժեշտ: Ինչ խոսք, ստեղծված իրավիճակում երկրորդ կարծիք լինել չի կարող՝ միակ տրամաբանական լուծումը և փոփոխությունը Հայրապետյանի հրաժարականն է: Ընդ որում. ՀՖՖ նախագահի հրաժարականի մասին արդեն ակնարկում են Հայաստանի բարձրագույն խումբը ներկայացնող ակումբները: Մասնավորապես, ժամանակին Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Փյունիկ» ակումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ևս բարձրացնում է ՀՖՖ ողջ ղեկավար կազմի փոփոխության անհրաժեշտության մասին: Իսկ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ հայտնում են, որ հայտնի է դարձել, որ Ռուբեն Հայրապետյանն արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը և այն կընդունվի մոտ օրերս։
Ռուբեն Հայրապետյանի գործելակերպը նախկինում լիովին տեղավորվում էր հայաստանյան իրականությանը հատուկ իրողությունների ու համընդհանուր խաղի կանոնների տրամաբանության մեջ ու շատ իմաստներով նույնիսկ բնական համարվում. չէր կարող ՀՖՖ-ն առանձին վերցրած ծաղկել, եթե երկրում հաստատված խաղի կանոնները բխում էին ջունգլիական կենսափիլիսոփայության տխրահռչակ սկզբունքներից: Սակայն այսօր իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են՝ նոր Հայաստանում ենք ապրում: Իսկ սա նշանկում է, որ Հայրապետյանի պլանները կարող են ձախողվել, ու եթե առաջ պետությունն, այսպես ասած, հնարավորնիս ձեռնպահ էր մնում ՀՖՖ ներսում տեղի ունեցողին միջամտելուց, ապա այժմ՝ հեղափոխությունից հետո, պետության փաստացի գլուխ համարվող վարչապետն իր ուշադրության կենտրոնում է պահելու ՀՖՖ-ն՝Հայրապետյանի համար դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով: