Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ խմելու ջրի խնդիրը համայնքում օրակարգային է, և աշխատանքներ են կատարվում խնդիրը վերացնելու համար, սակայն աշխատանքներն ավարտելու հստակ ժամանակահատված չասաց:
Մեր դիտարկմանը, որ բնակիչները բողոքում են՝ ասելով, որ գյուղում մշտական ջուր հիմնականում ունեն հարուստները և կենտրոնի բնակիչները, իրենք խմելու ջրի հարցով դիմել են համայնքապետարան, որտեղից ստացել են խոստում, որ 5 օրվա ընթացքում խնդրին լուծում կտրվի, Մարտիրոսյանը բացառեց նման ժամկետ նշելը և ասաց.
«Ոչ մի տարբերություն չի կարող դրվել հարուստների և մնացած տնտեսությունների միջև: Մենք տեղյակ ենք եղել, որ գյուղի մի թաղամասում ոռոգման ջրի հետ կապված տեխնիկական աշխատանքներ են կատարվում և ջուր չկա: Հանձնարարել ենք արագացնել աշխատանքները։ Բացի դա, մենք նախօրոք հայտարարում ենք, որ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվելու խմելու ջրագիծը փոխելու համար և պարբերաբար որոշ թաղամասեր ջրազրկվելու են»:
Անդրադառնալով բնակիչների կողմից մեքենաներով և սայլերով ջուր բերելուն՝ Մարտիրոսյանը նկատեց, որ բնակիչները, բնականաբար, ջուր չլինելու դեպքում որևէ վայրից բերում են, սակայն սայլերով բերելը չափազանցված համարեց նրանց կողմից և նշեց, որ համայնքը բավականին մեծ է՝ շուրջ 8000 բնակչությամբ, և ջրի սպառումը շատ է: Եւ չնայած համայնքում ջրի պաշարները շատ են, սակայն շատ վատ ցանց ունեն։
«50-60 տարվա ջրագծեր են, որոնք վերանորոգման ենթակա չեն և պետք է փոխվեն։ Բյուջեում եղած գումարը բավարար չէ, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց նա և հավելեց, որ այս խնդրով օրերս դիմել են նոր կառավարությանը, սակայն դեռ պատասխան չեն ստացել։
Ստորև ներկայացնում ենք Գառնի համայնքի ջրագծերի վերոնորոգման ընթացքից լուսանկարներ: