«Ժողովուրդ» օրաթերը գրում է.

 

«Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: 

Ս. Օհանյանը Պնախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016թ. հոկտեմբերը, իսկ դրանից հետո` մինչեւ 2018թ. մայիսը, նախարարը ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն էր: Ու չնայած գործն առնչվում է նաեւ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին, սակայն ՊԵԿ-ում նրան հարցաքննության չեն հրավիրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Քննություն է ընթանում, չեմ կարող բացահայտել: Իսկ Ձեր մատնանշած անձի վերաբերյալ եթե չունեք տեղեկատվություն, ինչու պետք է կանչենք հարցաքննության: Չունենք որեւէ տվյալ:

 

Ընդհանուր առմամբ, նույնիսկ մենք մեր նկատմամբ պետք է լինենք խիստ»: Այնուամենայնիվ, զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է Վ. Սարգսյանի հետ կապված տեղեկատվություն չլինի, եթե նա մաս է կազմել կոռումպացված ռեժիմի. իրո՞ք չարաշահումներին չի առնչվել, որ անգամ վկայի կարգավիճակով չեն հարցաքննել, թե, այնուամենայնիվ, աշխատել է շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդով: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ առնչություն ուներ կատարվածին, որ հրավիրվեց հարցաքննության, եւ հիմա անձամբ նրա դեմ կա՞ն փաստեր, թե ինքն էլ տեղյակ չէր կատարվածից: