ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

 

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոտը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը: Նրանք համոզված են, որ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետագա ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգում, հայ-ամերիկյան երկկողմ առևտրի ու ներդրումների աճին: Կոնգրեսականները նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Փաշինյանը հանձնառու է եղել առաջ մղելու Հայաստանին հուզող հարցերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, նա բարձրաձայնել է իր մտադրությունը խորացնել կապերը ԱՄՆ հետ: «Կասկած չկա որ նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի միջև տնտեսական զարգացման, անվտանգության ու ժողովրդավարության հարցերով զրույցը կարևոր է մեր երկրների միջև ռազմական գործընկերության ամուր առանցք ստեղծելու հարցում»,- նշել են կոնգրեսականները:

 

Այս նախաձեռնությունը ողջունել է նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ իրենք ոգևորված են ՀՀ-ԱՄՆ համագործակցության ամրապնդման ցանկացած նոր հնարավորությամբ: