ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկատվություն է տարածել նախարար Սուրեն Պապիկյանի՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր այցելության վերաբերյալ: Նախարարն այցից անչափ տպավորված է մնացել, պարզվում է՝ նրա տպավորությունները գերազանցել են սպասելիքները: Ի դեպ,  տարածքային կառավարման նախարարի այցը կրթահամալիր՝ ինքնին զարմանալի է, քանի որ ավելի տրամաբանական կլիներ նրա այցը, ասենք՝ մարզեր, որտեղ խնդիրներն օրեցօր միայն ու միայն ավելանում են: Դժվար է հավատալ, որ նախարարը մարզերում իր գործը փայլուն կատարել է և այժմ էլ հոգով-սրտով նվիրվել է կրթական գործընթացին: Գուցե նա կարոտել է իր ուսուցչական կարիերան, կամ առաջնորդվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին օգնելու հումանիստական մղումներից...

Իսկ ահա կրթահամալիրի ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը, ինչպես գիտենք, Աշոտ Բլեյանն է՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարական կնքահայրերից մեկը: Նոր կառավարության ձևավորման սկզբնական փուլում անգամ տեղեկատվություն տարածվեց, որ ԿԳ նախարարի պաշտոնը Փաշինյանը ցանկացել է վստահել հենց Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել: Բայց Բլեյանն այժմ էլ բողոքելու առիթ չունի՝ նրա կրթահամալիրը նախարարի մակարդակով նման բարձր գնահատականի է արժանանում: Ի դեպ, Պապիկյանի «տպավորվածությունը» և հնչեցրած խոսքերն ավելի շատ բաժակաճառի են նմանվում, քանի որ դրանց մեջ ակնհայտորեն բացակայում է բովանդակային տարրը:

 

Ինչո՞վ էր այդպես տպավորվել նախարարը, ի՞նչ ինովացիոն կրթական նախագծեր են իրականացվում «Մխիթար Սեբաստացիում», որոնք չեն կիրառվում Հայաստանի այլ կրթահամալիրներում: Կամ գուցե Պապիկյանը կարող է նշե՞լ, թե այդ որ կրթահամալիրում չի ապահովվում այն միջավայրը, որը կարող է «նպաստել բարձր մակարդակի ուսումնառության կազմակերպմանը»: Եթե մեր բոլոր կրթահամալիրներն այդքան խղճուկ վիճակում են և այդքան զիջում են Բլեյանի «հոգեզավակին», ապա դա ոչ թե բաժակաճառերի, այլ լուրջ մտահոգության առիթ պետք է հանդիսանար հեղափոխական թիմի համար: Մինչդեռ այդ թիմը, ի հեճուկս հանրության, որդեգրել է սեփական «թայֆայով» հավաքվելու և ինքնափիառվելու անչափ գրավիչ ճանապարհը: Գո՛րծ արեք, պարոնա՛յք…