«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետեւ մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, եւ նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել նաեւ, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստի՞ն, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների՞։ Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրավական է, պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։
Իսկ ո՞րն էր պատճառը։ «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առավելությունը բոլոր հարցերում․ հիշենք, որ ԵԱՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլեւս մասնակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին։ Կազուս է ստացվում՝ վարչապետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փաշինյանը»։
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի եւ Յուրի Խաչատուրովի դիրքերը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլեւս չեն վստահում։ Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ժամանակից շուտ պաշտոնանկ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։