Երեկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել էր, որ Արցախի ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանին և պետք է հետ վերադարձվեն, որպեսզի Արցախի հիմնախնդիրը լուծվի։
Ակնհայտ է, որ ՀԱԿ անդամ Զոյան Արցախի հարցի լուծման տարբերակ՝ հողեր հանձնելու գաղափարը որդեգրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Սակայն նրա այս հայտարարությունում պետական դավաճանության տարրեր են նկատելի, որը պետք է լինի ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ևս Զոյա Թադևոսյանի հայտնած գաղափարները քաղաքական կամ պետական դավաճանություն որակեց, որն ուղղված է հայոց պետականության կործանմանը։ Բաբայանը հույս հայտնեց, որ նա հոգեբանական ծանր վիճակից ելնելով է այդպիսի հայտարարություն արել։
«Ճիշտ կլինի, անպայման, նա ստուգվի՝ տեսնենք ինչ հիվանդություն ունի գլխի հետ, որովհետև այն գաղափարները, որ նա ասում է՝ կարծես թե ասում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայերեն տիրապետող ինչ-որ անձնավորություն կամ Ադրբեջանի պաշտոնական քարոզչական մեքենան։ Մի տարբերություն կա, որ Ադրբեջանը ազնիվ է վարվում և չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը։ Սա բարոյական տեսակետից ամենաստոր գաղափարն է։ Ո՞ւմ տեղն է իրեն դնում, որ համարում է՝ այդ տարածքները մերն է, թե մերը չէ։ Նա կամ հոգեկան խանգարում ունի, կամ քաղաքական շեղվածություն, որը պետք է լինի ԱԱԾ-ի տիրույթում»,-ասաց Բաբայանը։
Անդրադառնալով տարածքների «գրավյալ» լինելու՝ Թադևոսյանի բնորոշմանը՝ Բաբայանը նկատեց, որ հայկական կողմը վերականգնել է պատմական արդարությունը։
«Մենք ազատագրել ենք մեր պատմական տարածքների մի փոքր մասը։ Դա պարտադրված քայլ էր, դա օկուպացիա չէր։ Կրկնում եմ Զոյայի և մեր հակառակորդների համար՝ դա պարտադրված քայլ էր և նույնիսկ դասական առումով օկուպացիա չէր։ Սա պարտադրված ազատագրում է եղել, որպեսզի մենք կարողանանք մեր անվտանգությունն ապահովել։ Իսկ եթե Զոյան այդպես է մտածում՝ մենք ժողովրդավար երկիր ենք, թույլ ենք տալիս՝ թող դիմի Ադրբեջանին և ստանա քաղաքացիություն։ Համոզված եմ՝ Իլհամ Ալիևը բնակարան նրան կնվիրի, և նա նույնիսկ կարող է հարևան լինեն Սաֆարովի հետ։ Թող գնա և այնտեղից խոսի»,-հավելեց Բաբայանը։
Նշենք, որ տարածքային զիջումների թեման վերջին շրջանում ակտիվ շրջանառվում է։ Դրա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի հերոս, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյանը, ով կոչ է արել արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այդ վտանգավոր գործընթացի վերաբերյալ։ Այնուհետև Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է գրառում կատարել՝ դիմելով արցախցիներին՝ միանալ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին՝ նշելով, որ ոչ մի զինվորի լսելի չէ պարտություն քարոզող որևէ քաղաքական գործչի խոսքը։
«Գործի անցնելու ժամանակն է»,-գրել է Աղաբեկյանը։
Արմինե Արմենակյան