Օրերս հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծրագրային տեսլականը ՀՀ պաշտպանական համակարգի վերաբերյալ։ Տեքստը, որպես հետհեղափոխական Հայաստանի նոր իրողությունների մարմնացում և յուրատեսակ հռչակագիր, անհրաժեշտ ուշադրության ու քննության կարիք ունի։ Ասվածը հատկապես առացքային նշանակություն է ստանում, եթե այն դիտարկելու լինենք նախորդ իշխանությունների հռչակած «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում։ Ընդհանրապես, ցանկացած իշխանություն ունենում է իր գոյութենական, տիպական տեքստերը, որոնք հնարավորություն են տալիս տիպաբանել ու անհրաժեշտ գնահատական տալ վերջինիս՝ որպես իշխանության փիլիսոփայության ցուցիչներից մեկի և հասարակոթյուն-իշխանություն հարաբերությունների առանցքային անկյունաքարի։
Համաձայն պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ծրագրային ելույթի, մենք բոլորս՝ Հայաստանում թե Սփյուռքում, ունենք ծնողական պատասխանատվություն և պարտավորություն մեր զավակի՝ ՀՀ-ի նկատմամբ. «...մեր հրամայականը մեկն է. ամենից առաջ և ամենից վեր հոգ տանել մեր զավակի` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության, պաշտպանական ամրապնդման, պայքարի գաղափարական և սկզբունքային առանցքի ամրացման համար»։ Տեքստի թե՛ հուզա-ոճական լուծումները, թե՛ թիրախային շեշտադրումներն ու կառուցվածքի լղոզվածությունը, այն պարագայում, երբ «Ազգ-բանակ»-ի հայեցակարգը անընդհատական հղում էր ինքնության, ազգային միասնության, կորսված և վերականգնված հայրենիքի ու ազգային իղձերի գաղափարներին, ընդամենը բարի ցանկությունների և իղձերի տպավորություն է թողնում։ Սա շահարկուների, մանիպուլյացիաների ու տարընթերցումների անսպառ աղբյուր էր մատակարարում թե՛ ներիշխանական շրջանակներին, թե՛ հասարակության այն խմբերին, որոնք դեմ էին նույնականացնելու ազգն ու բանակը՝ որպես հավասարազոր արժեքներ։
Ի հակադրումն սրա՝ ներկայիս իշխանությունների ծրագիրը ոճային ու կառուցվածքային առումով առավելապես պրակտիկ է՝ զերծ հուզականությունից. «Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է»։ Ծրագիրը մեկնարկում է գլխավորապես գործնական, ապազգայական դաշտից և միանգամից հղում է կատարում իրական, առօրյա հոգսերով ու անձնական պատասխատվությամբ խարսխված ՀՀ պաշտպանական համակարգին։ Համակարգ, որի առանցքային տարրերը՝ բանակն ու հասարակությունը, հանդիսանում են ժողովրդավարական գործընթացներն ու նոր ավյուն ստացած քաղաքացիական ինստիտուտները փոխլրացնող ու ինքնակազմակերպվող բաղադրիչներ։
Եթե Վ. Սարգսյանի տեքստը հղում է հանրության պարտավորություններին, օտար երկրների հետ զուգահեռներին ու մարդկային ռեսուրսի խնդրին՝ այդպես հիմնավորելով «Ազգ-բանակ» հայեցակարգը, ապա Դ. Տոնոյանի ընկալումը մեկնարկում է բանակի փորձառությունից ու եղածի վերակազմավորման ու արդիականացման խնդրից՝ առանց մերժելու կամ գերարժևորելու Վ. Սարգսյանի մատնանշած խնդիրները։ Անձնական պատասխանատվության ու նախաձեռնողականության խնդրի հատկանշումն է, որ որակական նոր աստիճանի է բարձրացնում բանակի և պետության նոր իշխանությունների հանդեպ որդեգրած փիլիսոփայությունը և թիրախների առաջնահերթության միջոցով անձնական ու որակական նոր հորիզոններ է մատնանշում ապագայի զարգացման ծրագրերի, զինված ուժերի արդիականացման տեսլականի ու հասարակության հետ փոխլրացնող գործառույթների կենսական անհրաժեշտությանը։
Գոռ Մադոյան