«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար:

 

Մեր աղբյուրները նման եզրակացություն են արել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարևոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը:

Հիշում եք նաև նախկին իշխանությունների օրոք ինչպես էր փորձ արվել մարտի 1-ի գործի նախաքննությունը տանել այն ուղղությամբ, որ ողջ մեղքը բարդվի ընդդիմադիրների վրա: Դրա արդյունքում էլ հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին կալանավայրերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: