Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին:

Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին: Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»: