«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանն իր հսկայական բիզնեսները թողած` ընկել է մանրումիջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն, ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին…
Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող 2012, 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Մեր հանրապետությունում իշխանության ներկայացուցիչները չեն ներում իրենց բարկացնողներին, այդպես եղավ նաև Արմեն Հակոբյանի դեպքում: Նրանից պահանջեցին իրենց հանձնել իր ողջ ունեցվածքը, սակայն երիտասարդը հնազանդվողներից չէր…
Ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Հակոբյանը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս 10.000 դոլար վճարել Սաշիկին, որպեսզի վերջինս թույլ տար Հակոբյանին շարունակել ղեկավարել իր իսկ բիզնեսը:
Որոշ ժամանակ սեփական ընտանիքի անվտանգության համար մտավախություն ունեցող Հակոբյանը փորձել է խուսափել խնդրին հանրային հնչեղություն տալուց և նույնիսկ 2011–ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակման մեջ ասվում է, որ չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել–մտել են խանութ և հրամայել` «կա՛մ փակում եք, կա՛մ աշխատում ենք 50/50»:
Վերոնշյալ իրավիճակն էլ ավելի է բարդանում այն բանից հետո, երբ Արմեն Հակոբյանն սկսում է դրսևորել քաղաքական ակտիվություն և սատարում է ընդդիմադիր ուժերին: Այս ամենի արդյունքում Արմեն Հակոբյանի նկատմամբ սկսվում են նոր ճնշումներ, մասնավորապես, հարկային մարմինները, բնականաբար Սաշիկի թելադրանքով, սկսում են առանց օրինական հիմքերի հարկային ստուգումներ անցկացնել և անօրինական կերպով մեծ հարկեր են գանձում, ինչի արդյունքում Արմեն Հակոբյանն ունենում է եկամտի մեծ կորուստ և չի կարողանում ժամանակին վճարել Սաշիկի պահանջած գումարը:
Իր «պարտականությունները» չկատարելու համար Արմեն Հակոբյանը ենթարկվում է տարբեր տեսակի հետապնդումների. նախ՝ մարմնական վնասվածքներ, նվաստացումներ, սպառնալիքներ, այնուհետև տեսնելով, որ այդքանից հետո նա չի հանձնվում և չիզիջում իր բիզնեսը Սաշիկին, Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում՝ ակնհայտ կեղծ, անօրինական ու անհիմն գործ: Վերոնշյալի համատեքստում Արմեն Հակոբյանի առջև երկու տարբերակ կար. կա՛մ մնալ, պայքարել, հայտնվել ճաղերի հետևում՝ արժանանալով անհայտ ճակատագրի, կա՛մ հանձվել, զիջել բիզնեսը Սաշիկին և փրկել սեփական կյանքը:
Ընտրվեց վերջին տարբերակը. մեր տեղեկություններով՝ Արմեն Հակոբյանը 2015–ին ընտանիքի հետ հեռացել է երկրից և ապրում է այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն: Չէ՞ որ նախկինում սովորական էր այն իրավիճակը, երբ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս Սաշիկի և իր մարդկանց դեմ, պետք է չեզոքացվեին:
Սակայն ներկա իրադրության պայմաններում, երբ իրավիճակ է փոխվել, Արմեն Հակոբյանը դարձյալ մտավախություն ունի, որ մեր երկրում հայտնվելուն պես վերոնշյալ անձը կամ իր մերձավորները կփորձեն մեկուսացնել իրեն, որպեսզի վերջինս չկարողանա բերանը բացել և ներկայացնել իրականությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: