ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունը։ 33-ամյա Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Նա կալանավորված է։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2007 թվականի ապրիլի 1-ին Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է` մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը` Դ. Սիմոնյանին: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով: 

 

Նախաքննական մարմնի փոխանցմամբ, Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։