«Հրապարակ» թերթը գրում է.
ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի։ Դա պայմանավորված է Երեւանի ընտրություններով, որին մասնակցում է նաեւ ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։
Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի․ եթե Մանվել Գրիգորյանի ժամանակ Մարզահամերգայինում տեղ - դադար չէր լինում, առաջիկա համագումարը նախատեսում են կառավարության Մելիք-Ադամյանի դահլիճում անել, որն ավելի փոքր է։
Տեղեկացանք նաեւ, որ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներն այլեւս նախկինի պես ակտիվ չեն, քայլեր չեն ձեռնարկում համագումարը տապալելու համար։
Հիշեցնենք, որ մասնավորապես Ազատամարտիկների դաշինքն ուզում էր ԵԿՄ-ն տանել կոլեգիալ կառավարման, որ կառույցը չծառայեցվի քաղաքական նպատակներին, ինչպես նախկինում։ Ռուստամ Գասպարյանն ասաց, որ իրենք չկարողացան իրենց մոտեցումները կյանքի կոչել եւ այլեւս չեն խառնվում ԵԿՄ-ի գործերին։