Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա ընթացքում սա նման մակարդակով Գերմանիայի կանցլերի առաջին այցելությունն էր:  Երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և համատեղ ծրագրերին: Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ: Այցի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ քննարկվել են Հայաստան-ԵՄ օրակարգի հարցեր, դրա շրջանակներում վիզաների ազատականացման հարցը և սրա վերաբերյալ ասուլիսի ժամանակ մենք ստացանք գերմանական կողմի հստակ հավաստիացումները»,-ասաց Աննա Նաղդալյանը:

 

Նաղդալյանն, անդրադառնալով Արցախյան հակամարտության վերաբերյալ Գերմանիայի հետաքրքրությանը նշեց, որ վերջինս հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ.

 «Գերմանիայի կանցլերն իր այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իրենք հանձնառու են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ կարգավորումը պետք է տեղի ուեննա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Նաև շեշտել է, որ իրենք պատրաստ են քաղաքական  պատասխանատվություն ստանձնել այս հարցում: Բաքվում ևս կանցլեր Մերկելը ընդգծել է, որ հակամարտության գոտում բնակվող մարդկանց պետք է իրական լուծումներ տրվեն»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը: