Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, ողջունելով ներկաներին, նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել ոլորտում իրականացվող հանրային քննարկումները և սոցիալական գովազդի միջոցով հանրային իրազեկումը։

«Թափոնների կառավարման ոլորտում, որպես առաջնային թիրախներից մեկը մենք ընտրել ենք պոլիէթիլենային տոպրակներից աստիճանաբար հրաժարվելու սկզբունքը, որին կարող ենք հասնել օրենսդրական նախագծի փաթեթ կազմելուց հետո։ Բնապահպանության նախարարությունն արդեն մշակում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ կառավարությանը ներկայացնելու համար։ Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձի ներդրումը, ինչպես իրավական ակտեր մշակելիս, այնպես էլ ռազմավարությունն իրականացնելիս։ Իսկ առաջնային խնդիրներից մեկն է աղբի նվազեցումը, որն ի սկզբանե պարտադրում է վարքագծի փոփոխություն թե΄ սպառողի, թե΄ տնտեսվարողի կողմից»,- նշել է Իրինա Ղափլանյանը։

Հանդիպման ընթացքում հանրային սննդի կազմակերպումն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման, առևտրի կետերում բազմակի օգտագործման տոպրակների կիրառման, սննդի մնացորդների և տարաների երկրորդային մշակման, տեսակավորման և օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկրող տնտեսվարողների համար հարկային բեռի թեթևացմանն ուղղված առաջարկություններ։