ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը Թայլանդում մասնակցում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին, ինչպես նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների կոմիտեի երկրորդ նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ինֆորմացիոն գերմայրուղու նախագիծը ենթադրում է օպտիկական ինտերնետային ցանցի ընդլայնում՝ ներառելով Ասիական երկրները, ամբողջական օպտիկամալուխային հուսալի ցանցի կառուցմամբ միացնելով ծովային և ցամաքային օպտիկական ինֆորմացիոն մայրուղիները:
Հակոբ Արշակյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային նմանատիպ ծրագրերին Հայաստանի ինտեգրումը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար ինֆորմացիոն մայրուղիները նույնքան կարևոր են, որքան էներգետիկ ուղիները։ Իսկ միջազգային ցանցերում Հայաստանի ներգրավվածությունը նաև անվտանգության և բարեկեցության երաշխիք է:
Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի վերջին ձեռբերումներին, ընդգծել հայ մասնագետների մեծ ներուժն ու փորձը։
Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և գործարար հանդիպումներ: