ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստն այցելեց ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն (ՄԾ):
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը շնորհավորեց նրան առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԾ-ի սերտ համագործակցությունը, բարդ իրավիճակներում բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ համատեղ լուծումներ գտնելու պրակտիկան: «Միգրացիայի ոլորտում ՓԳՀ-ի կողմից իրականացվող որևէ քայլ անտեսված չի մնում մեր կողմից, մենք շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնողականությունը»,-շեշտեց Ղազարյանը:
Աննա-Կարին Օստը, գոհունակություն հայտնելով համատեղ ընթացիկ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, նոր առաջարկներ ներկայացրեց՝ ուղղված ապաստանի հարցերով զբաղվող և իրավաբանական բաժինների աշխատանքի կատարելագործմանը, ինչպես նաև աշխատակազմի վերապատրաստման, հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ իր գաղափարներով կիսվեց: «Այս ամենն օգտակար է նաև մեզ համար՝ շարունակաբար զարգանալու և ինքնակրթվելու տեսանկյունից ևս»,-նշեց նա:
Աննա-Կարին Օստը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2018թ. օգոստոսի 15-ից:
2013թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսը նա ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչն էր Լեհաստանում: