«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի եւ սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին:
Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձեւակերպումներ չեն եւ ամենեւին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան եւ կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ:
Թերեւս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: