ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, որ այսօր Հայաստանում կան սպիտակ և սև ուժեր՝ ասաց․
«Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սև ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են՝ սև ու սպիտակ չլինի»,–կատակով նշեց նախարարը՝ հավելելով, որ Հայկ Մարությանը դրա վերաբերյալ պարզաբանում տվել է։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ Հարությունյանը նշեց, որ ժամանակ չունի Վիգեն Սարգսյանի գրառումները կարդալու։
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»: